ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին երկար-բարակ զրուցելուց հետո հարցրի նրա կարծիքը Լեռնային Ղարաբաղի շուրջ սկսված ակտիվացման՝ նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիկի մոսկովյան «Վեդոմոստի» պարբերականին հարցազրույցում հայտարարության, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի Մոսկվա գնալու ու ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Ղարաբաղի հարցը նորից քննարկելու և այլ իրադարձությունների մասին: Իրավիճա՞կ է փոխվում՝ հարցրի:
-Բոլորն են մտահոգ, որ ղարաբաղյան հարցում հնարավոր սրացումներ չլինեն: Երբ Մխ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիկը խորհրդարան էր եկել և հանդիպեց պատգամավորներին, կիսեց մեր մտահոգությունը, որ եվրոպական խաղերից հետո Բաքուն կարող է իրավիճակը նորից սրել: Նրա հարցազրույցը ՛՛Վեդոմոստիին՛՛ մեր մամուլում քննադատաբար ընդունվեց, բայց նա նոր ոչինչ չի ասել: Ուորլիկը ասաց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած տարածքների հանձնումը, որ պահանջում է Ադրբեջանը, չպետք է առանձին դիտարկել, այդ հարցը համակցված է հարցի ընդհանուր լուծմանը և այդ շղթայի օղակներից մեկն է: Հարցը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության ապահովման հարցի հետ կապված: Խնդրին պետք է միասնական նայել և չպետք է տարանջատել: Դա այն տեսակետն է, որ Հայաստանի Հանրապետությունը պարբերաբար բարձրաձայնել է՝ որևէ զիջում չի կարող լինել, եթե ճշտված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և լուծված չեն անվտանգության խնդիրները: Հարցը համալիր լուծում է պահանջում շրջանակային համաձայնագրով: Ուորլիկը դա է ասել՝ Ադրբեջանի պահանջը՝ տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա չէ, պետք է դիտարկել մյուս սկզբունքների՝ ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման սկզբունքների հետ, ապահովելով տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը:
-Երբ համադրում եք մի քանի հանգամանքներ՝ ստատուս քվոյի, հարցի լուծման արագության փոփոխության մասին ՌԴ արտաքին գործերի նախարարն է խոսում, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը տարածաշրջանում տնտեսական նոր հնարավորություններ ու նոր իրավիճակ է ստեղծում, չե՞ք կարծում, որ հարցի լուծումն իսկապես կարող է արագանալ:
-Համանախագահ բոլոր երկրներն էլ անկեղծորեն ուզում են, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Ոմանք կարծում են, որ Ռուսատան-Արևմուտք հակասությունները կարող են ազդել Մինսկի խմբի աշխատանքի վրա, ես գտնում եմ, որ այս դեպքում նրանց միջև հակասություններ չկան: Բոլորն են ուզում, որ հարցը լուծվի: Տարածաշրջանում դրական, թե բացասական յուրաքանչյուր փոփոխություն ազդում է այն երկրների վրա, որոնք կոնֆլիկտային իրավիճակում են գտնվում: Փառք Աստժո, Իրանի շուրջ սեղմված օղակը թուլանում է, դա նշանակում է Արևմուտքի ու Իրանի հարաբերությունների նորմալացում, որը փոխհարաբերությունների նոր որակ է առաջացնում տարածաշրջանում:
-Ի՞նչ է դա նշանակում մեզ համար:
-Քաղաքական ու տնտեսական նոր հարաբերություններ: Ղարաբաղի հարցը տարածաշրջանի կարևոր խնդիրներից է ու իր նշանակությամբ ավելին է, քան տարածաշրջանային լոկալ խնդիրը: Մենք պետք է պատրաստ լինենք այդ փոփոխություններին:
-ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էրիկ Ռուբինը մի քանի օր առաջ ասում էր, որ պետք է հաղթահարվի տարածաշրջանում Հայաստանի մեկուսացածությունը տնտեսական ծրագրերից, Հայաստանը պետք է լինի տարածաշրջանի էներգետիկ ու այլ տնտեսական միջազգային ծրագրերում: Իսկ խանգարողը Լեռնային Ղարաբաղի հարցն է: Ու՝ ի՞նչ:
-Այդ տեսակետը շատերն են արտահայտել, յուրաքանչյուր հայի համար Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը եղել ու մնում է առաջնային խնդիր: Մեզ համար հիմքերի հիմքը հայրենիքն է, պետությունը, հողը, ժողովուրդը, տնտեսությունը կարող է արագ զարգանալ կամ հետընթաց ապրել, ճգնաժամեր են լինում, այդ ամենը փոփոխական է: Լեռնային Ղարաբաղը հիմնարար արժեք է և չի կարող սակարկության մեջ դրվել, որքան էլ ապացուցեն, որ Ղարաբաղի հարցի պատճառով մենք վատ ենք ապրում, տնտեսական ծրագրերում չկանք: Մենք դա գիտեինք քսան տարի, տաս տարի, հինգ տարի առաջ:
-Ու այդպես ևս հինգ, տաս, քսան տարի՞:
-Ոչ, մենք պետք է փորձենք լուծել մեր խնդիրները՝ ինտեգրվելով միջազգային տնտեսական գործընթացներում՝ պահպանելով մեր ունեցածը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ